Արժեթղթերի շուկա

Արժեթղթերի շուկան մեր առօրյայում լսվող և քննարկվող տարածված հասկացություններից մեկն է: ԶԼՄ-ներով ամեն օր հաղորդում են արժեթղթերի գների փոփոխության, արժեթղթերի շուկայի սպասվող վերելքի կամ անկման մասին: Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչպես են իրականում գործում տեղական և միջազգային կապիտալի շուկաները: Արժեթուղթ կարող եք ձեռք բերել դրանց համար նախատեսված շուկայից, որն անվանում ենք արժեթղթերի շուկա: Արժեթղթերի շուկան կարելի է բնութագրել որպես դրա մասնակիցների միջև արժեթղթերի թողարկման և շրջանառության հետ կապված տնտեսական հարաբերությունների ամբողջություն: Պարտադիր չէ, որ արժեթղթերի շուկան ունենա ‎‎ֆիզիկական տեղակայում և դրանում ֆիզիկապես առկա լինեն համապատասխան ‎‎արժեթղթերը:  Ի տարբերություն բարիքների շուկայի արժեթղթերի շուկաների մեծ մասում նրանք, ովքեր ստեղծում և կազմակերպում են այդ շուկան, չունեն համապատասխան ակտիվներ, փոխարենը պարզապես ապահովում են ֆիզիկական վայր կամ ավելի հաճախ՝ էլեկտրոնային համակարգ, որը փոխհամագործակցության մեջ է դնում հնարավոր գնորդներին և վաճառողներին: Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում են կենտրոնական/ազգային բանկերը կամ հատուկ վերահսկող մարմինները: Կարգավորման և վերահսկողության հիմնական նպատակներն են. ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ  զարգացման ապահովումը, արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը, արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:

ՏԵՍԱԿՆԵՐԸ Աշխարհում կարևորվում է արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաների տարբերակումը: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇՈՒԿԱ Արժեթղթերի առաջնային շուկայում (Primary capital market) տեղի է ունենում նոր թողարկված արժեթղթերի առաջնային տեղաբաշխում: Արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը կարող է տեղի ունենալ արժեթղթերի հրապարակային կամ ոչ հրապարակային առաջարկի միջոցով: Արժեթղթերի առաջին օտարումից հետո մյուս բոլոր գործառնություններն իրականացվում են երկրորդային շուկայում: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱ Երկրորդային շուկայում տեղի է ունենում նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունը, այսինքն` իրականացվում է սեփականության անընդհատ վերաբաշխում: Երկրորդային շուկայում վաճառվում են հանրությանն արդեն իսկ վաճառված պարտատոմսերը կամ բաժնետոմսերը: Երկրորդային շուկայում վաճառքից հասույթը ստանում է ոչ թե անմիջապես թողարկողը, այլ արժեթղթերի ընթացիկ սեփականատերը: Երկրորդային շուկան ապահովում է արժեթղթերի իրացվելիությունը: Երկրորդային շուկայում առևտրի կազմակերպման առաջնային ձևը կազմակերպված (կարգավորվող) շուկան է (օրինակ՝ բորսաները): Արժեթղթերի երկրորդային շուկան, կախված կնքված գործարքի ժամկետից, լինում է սփոթ և ժամկետային:  Սփոթ (կանխիկ, դրամարկղային) շուկան արժեթղթերով կատարվող այն գործարքների շուկան է, որտեղ գործարքները կատարվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:  Ժամկետային շուկայում կնքվող գործարքները ենթակա են կատարման դրանց կնքումից որոշակի ժամանակ անց: Այստեղ շրջանառող գործիքները ածանցյալ  են` ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն պայմանագրեր, սվոպներ և այլն:


ԻՆՉՊԵՍ ԳՆԵԼ ԱՐԺԵԹՈՒՂԹ

Ազատ դրամական միջոցները արժեթղթերի շուկայում ներդնելու կամ արժեթղթերի շուկայի «խաղին» մասնակցելու համար պետք է դիմել մասնագիտացված միջնորդներին։Նրանց անվանում են նաեւ ներդրումային ծառայություններ մատուցողներ:  Այսօր մեր երկրում այդ գործառույթն իրականացնում են այն առեւտրային բանկերը եւ ներդրումային ընկերությունները, որոնք ֆոնդային բորսայում ներդրումային գործունեության իրականացման լիցենզիա են ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաեւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ են։ Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` հաղորդակցման տվյալներով, կարող եք ստանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կայքում: Բորսայում արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին: Նրանք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ եւ կարող են ձեզ օգնել ձեռք բերելու կամ վաճառելու արժեթղթեր, որոնք շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

1 Comments

Оставьте комментарий